Бесплатные шаблоны тут: Шаблоны Joomla. Объективы для Sony Alpha - Объективы Minolta и Sony.

Ամրակից

Амракиц

Ամրակիցը գյուղ է Ստեփանավանի տարածաշրջանում, Ստեփանավան քաղաքից 4 կմ դեպի արևելք, մարզկենտրոնից գտնվում է 30 կմ հեռավորության վրա: Գյուղը հիմնադրվել է 1840-ական թթ պատմական Ամրակ (Ամրակից) գյուղի տեղում: Նախկինում ունեցել է Կիրովո, Նիկոլաևկա, Նովոնիկոլաևկա անվանումները:

Ամրակից է վերանվանվել 1991 թ-ին: Գյուղը գտնվում է Ձորագետի աջափնյակում, Բազումի լեռնաշղթայի հյուսիսահայաց լանջին, բլրապատ հարթավայրում` ծովի մակարդակից 1380 մ բարձրության վրա: Կլիման բարեխառն լեռնային է, տևական, ցուրտ ձմեռներով: Ամեն տարի հաստատվում է կայուն ձնածածկույթ: Ամառները տաք են, համեմատաբար խոնավ: Տարեկան թափվում են 600-700մմ մթնոլորտային տեղումներ: Ագրոկլիմայական տեսակետից ընկած է մասնակի ոռոգման գոտում: Շրջակայքում կան անտառներ: Գյուղում կա քարաշեն եկեղեցի: 1873 թ-ին ունեցել է 289, 1897 թ-ին` 413, 1939 թ-ին` 611, 1959 թ-ին` 589, 1970 թ-ին` 520, 1979 թ-ին` 495 հայ և ռուս բնակիչ: Ըստ ազգային վիճակագրական ծառայության տվյալների 2011 թ-ին համայնքի բնակչությունը կազմել է 530 մարդ: Սեռային կազմում տղամարդիկ կազմում են 48%, կանայք` 52%: Ունի միջնակարգ դպրոց, գրադարան, մանկապարտեզ, կապի հանգույց: Գյուղատնտեսական հողահանդակներում մեծ բաժին ունեն վարելահողերը (428 հա), ինչպես նաև խոտհարքները (137 հա): Պետական հողերը գլխավորապես օգտագործվում են որպես վարելահողեր, արոտավայրեր` կազմելով համապատասխանաբար 46 և 371 հեկտար: Գյուղի մասնագիտացման ուղղությունը երկրագործությունն է: Զբաղվում են դաշտավարությամբ, պտղաբուծությամբ (տանձ, խնձոր, կեռաս), մշակում են հացահատիկային, կերային, բանջարաբոստանային կուլտուրաներ, կարտոֆիլ: Զբաղվում են նաև խոշոր եղջերավոր անասնաբուծությամբ, թռչնաբուծությամբ: Համայնքում գործում են 1 վերամշակող և 1 էլեկտրաէներգիա արտադրող ձեռնարկություններ, որոնցում զբաղվածների թիվը կազմում է 9 մարդ: