Бесплатные шаблоны тут: Шаблоны Joomla. Объективы для Sony Alpha - Объективы Minolta и Sony.

Աշոտաբերդ թաղամասի խնդիրները

Աշոտաբերդ թաղամաս

Ինչպես ամեն համայնք, Լոռու մարզի Ստեփանավան համայնքն էլ ունի մեծ ու փոքր մի շարք խնդիրներ: Լինելով  աղետի գոտի` համայքնի խնդիրների մեծ մասը կապվում էր 1988թ-ի ավերիչ երկրաշարժի  պատճառած վնասների հետ` ինչպես նյութական, այնպես էլ հոգեբանական: Երկրաշարժի հետևանքով փոքրիկ քաղաքում զոհվեց 104 մարդ, 6000 ընտանիք մնաց անօթևան, հետագա օգտագործման համար ոչ պիտանի դարձավ քաղաքի ամբողջ բնակֆոնդը, շարքից դուրս եկավ քաղաքի ամբողջ արդյունաբերական ներուժը, քանդվեցին գրեթե բոլոր կրթամշակութային օջախները, առողջապահական շենքերը, կենցաղի և առևտրի օբյեկտները, քաղաքը զրկվեց կենսական միջոցներից:

 

 
Երկրաշարժից  անցել է 24 տարի, աղետի հետքերն Ստեփանավանում առաջին հայացքից կարելի է ասել  տեսանելի չեն, կառուցվել ու վերակառուցվել են մի շարք վարչական շենքեր, կրթամշակութային օջախներ, քաղաքի պետական բնակֆոնդում աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներն ապահովվել են բնակարանով, և աղետից բնակարան կորցրածների համար բնակարանաշինության ծրագիրն Ստեփանավանում համարվում է ավարտված: Սակայն ցայսօր բազմաթիվ ընտանիքներ շարունակում են ապրել ժամանակավոր կացարաններում, որոնք աղետից անմիջապես հետո հատկացվել են տուն կորցրած ընտանիքներին` նրանց ապահովելով տներով:
 
Դրանցից մեկն էլ Ստեփանավանի Աշոտաբերդ թաղամասն է, որի խնդիրը կարելի է համարել քաղաքի խնդիրների «գորդյան հանգույցը»: Աշոտաբերդը երկհարկանի բազմաբնակարան փայտաշեն 24 տնակներից բաղկացած թաղամաս է` 296 բնակարանով, որը ձևավորվել է երկրարժից հետո` 1989թ-ին: Այդ ժամանակ թեկուզ փայտաշեն բնակարան ստանալը մեծ երջանկություն էր, բաց երկնքի տակ մնացած անօթևան ընտանիքների համար, և բոլոր նրանք, ովքեր «Աշոտաբերդում տուն էին ստացել», համարվեցին բախտավոր ու երջանիկ մարդիկ: Սակայն այդ «բախտավոր մարդիկ» այն ժամանակ չէին էլ պատկերացնում, որ  տարիներ անց իրենք կհայտնվեն անմխիթար ու անլուծելի իրավիճակում: Փայտաշեն բնակարները բնակության համար պիտանի եղան ընդամենը 7 տարի: Տարիների ընթացքում ժամանակավոր կացարանները քայքայվել են, ձեռք բերել փայտաշեն տնակներին հատուկ խնդիրները` փայտը նեխել է, վարակվել   սնկային հիվանդությամբ, այստեղ մշտապես խոնավությունն է բուրում, ինչը լուրջ խնդիր է ներկայացնում թաղամասում բնակվողների առողջության համար: Թաղամասի բնակիչներն ասում են, որ հաճախ քայլելն անգամ վտանգավոր է, քանի որ վախենում են հատակը փլվի, և իրենք հայտնվեն առաջին հարկում կամ նկուղում, դրա համար էլ արգելում են երեխաներին տանը արագ քայլել կամ վազվզել: Իսկ նկուղներում մշտապես ջուր է ու տհաճ հոտ: Անձրևի ժամանակ էլ բնակարններում անձրևանոցով են քայլում, իսկ ձմռանը քամին ու ցուրտը սողոսկում են քայաքայված պատերի անցքերից ներս:
 
Աշոտաբերդում բնակվող ընտանիքները հիմնականում սոցիալապես անապահով ընտանիքներ են: Նրանք սեփական միջոցներով քանիցս վերանորոգել են իրենց բնակարանները, սակայն, ինչպես իրենք են ասում, այլևս հնարավոր չէ քայքայված, նեխած փայտը վերանորոգել ու պահել:
 
Բնակիչներն արդեն մի քանի անգամ կոլեկտիվ դիմում-բողոքներ են ուղարկել կառավարությանն և երկրի նախագահին, սակայն` ապարդյուն: Խնդրին քաջատեղյակ են նաև Ստեփանավանի քաղաքապետարանում, սակայն համայնքային փոքրիկ բյուջեով հնարավոր չէ խնդրին լուծում տալ` փայտաշեն բնակարանները փոխարինել քարաշենով: Քաղաքապետարանի միջոցներով թաղամասում վերջերս կատարվել են բարեկարգման որոշակի աշխատանքներ` ներկվել են շքամուտքերը, վերանորոգվել աստիճանները: Բնակիչների խնդրանքով գազաֆիկացվել է նաև թաղամասը: Սակայն խնդրի վերջնական լուծումը Ստեփանավանի քաղաքապետարանի քաղաքաշինության բաժնի պետ Հրահատ Աբրահամյանը տեսնում է նրանում, որ թաղամասում փայտաշեն տնակների փոխարեն կառուցվեն նոր քարե շենքեր, քանի որ Աշոտաբերդն արդեն կայացած թաղամաս է, ունի քարաշեն դպրոց, մանկապարտեզ և այլն: Քաղաքապետարանը ևս Աշատաբերդի հարցով բազմիցս դիմել է քաղաքաշինության նախարարություն, սակայն նախարարությունից ասում են, որ երկրաշարժի հետևանքով անօթևան մնացածների` կառավարության կողմից իրականացվող բնակարանաշինության ծրագիրն Ստեփանավանում արդեն ավարտված է, իսկ բնակարանաշինական նոր ծրագիր Ստեփանավանում առաջիկայում չի նախատեսվում:

Մյուս կողմից էլ  խնդիրը հնարավոր չէ լուծել, քանի որ թաղամասի բնակիչները 1989թ-ին պետության կողմից ստանալով այդ բնակարանները, ստացել են նաև հավաստագրեր, որտեղ նշված չէ այդ բնակարարնների ժամանակավոր լինելու մասին. նրանք փաստացի հանդիսանում են բնակարանի սեփականատերեր: Խնդիրը լուծելու համար Աշոտաբերդի բնակիչները նախ և առաջ պետք է դիմեն դատարան, դատական կարգով հաստատեն, որ այդ բնակարանները ժամանակավոր կացարաններ են և տարիների ընթացքում բնակության համար դարձել են ոչ պիտանի, որից հետո նոր միայն քաղաքաշինության նախարարությունը կկարողանա ընթացք տալ այս ընտանիքների բնակարանաշինության խնդրին:

 
Իսկ ե՞րբ կլուծվի խնդիրը, կամ կլուծվի՞ արդյոք, թե` ոչ, հարց է, որից կախված է  296 ընտանիքների` աղետից կորցրածը վերագտնելու և երբևէ նորից քարաշեն տուն ունենալու երազանքը: Իսկ մինչ այդ բնակության համար վաղուց  ոչ պիտանի դարձած, ճահճահոտությամբ ու խոնավությամբ բուրող, սնկային հիվանդությամբ վարակված փայտե տնակներում շարունակում են մեծանալ 296 ընտանիքների երախաներ` հուսալով ու հավատալով, որ մի օր իրենք էլ  կկարողանան ազատ ու առանց վախենալու խաղալ սեփական տանիքի տակ` չմտածելով, որ նեխած հատակը հանկարծ կարող է փլվել ու իրենք կհայտնվեն նկուղում: