Бесплатные шаблоны тут: Шаблоны Joomla. Объективы для Sony Alpha - Объективы Minolta и Sony.

«Tashir 2013»-ի ներկայացուցիչներ

«Tashir 2013»-ի ներկայացուցիչներ. «Եթե ցանկանայինք վնասել մեր ժողովրդին, նման հայրենասիրական ակցիա չէինք կազմակերպի»

«Tashir 2013»-ի կազմակերպիչները նախապես չէին ծրագրել մրցանակաբաշխությունն անցկացնել «Եվրատեսիլ 2013»-ի եզրափակչի օրը: Պարզվում է՝ համերգի օրը որոշվել է դեռեւս 9 ամիս առաջ, երբ հայտնի չէին ոչ միայն Շվեդիայում անցկացվող երաժշտական մրցույթի ժամկետը, այլեւ Հայաստանի ներկայացուցիչը:

Մրցանակաբաշխության մամուլի կենտրոնի տեղեկացմամբ, «Tashir 2013»-ը մարդկանց չի խանգարի հետեւել Եվրատեսիլին, քանի որ համերգը մեկնարկելու է ժամը 18:00-ին եւ հեռարձակվելու է Armenia TV-ի ուղիղ եթերում:

Ինչ վերաբերում է բազմաթիվ մեկնաբանություններին, թե «պետք էր նվազագույնը թուրք լինել՝ հենց այդ օրն ընտրելու համար» կամ «մրցանակաբաշխության ներկայացուցիչները նախապես վստահ էին, որ հայերը դուրս չեն գալու եզրափակիչ», ապա նման մեկնաբանությունները սրտին մոտ չեն ընդունում, քանի որ դրանք հեռու են իրականությունից: «Եթե ցանկանայիք վնասել մեր ժողովրդին, նման հայրենասիրական ակցիա չէինք կազմակերպի, ինչպիսին է «Tashir 2013»-ը»,- նշեցին մամուլի կենտրոնում:

Հիշեցնենք, որ «Tashir 2013»-ը ազգային մրցանակաբաշխություն է՝ հայկական երաժշտարվեստի ոլորտում նշանակալի ներդրման համար, որն ուղղված է աշխարհում հայկական լավագույն ստեղծագործողների օժանդակությանը: Ամենավառ երաժիշտներն ամբողջ աշխարհից կհավաքվեն մեկ հարկի տակ՝ Կրելմի պետական պալատում, որպեսզի ռուսական մայրաքաղաքի հանդիսատեսին դասական եւ ժամանակակից երաժշտարվեստի միախառմամբ շոու ներկայացնեն: «Tashir 2013» մրցանակների հանձնման առիթով գալա-համերգի ծրագրին կմասնակցեն աստղեր Ռուսաստանից եւ Եվրոպայից. Մարգարիտա Պոզոյանը, Նիկոլայ Բասկովը, Սոֆիա Ռոտարուն, Քրիստինա Օրբակայտեն, Լյուբով Ուսպենսկայան, ինչպես նաեւ աշխարհահռչակ երաժիշտ Ջիվան Գասպարյանը:

Հայկական ժամանակակից երաժշտարվեստի վառ ներկայացուցիչների շարքում ելույթ կունենան միջազգային Grammy եւ World Music Awards մրցանակների դափնեկիր Արտո Թունջբոյաջյանը եւ Armenian Navy Band ավանգարդ ֆոլք-ջազ խումբը, 2008 եւ 2009 թվականների «Եվրատեսիլ»-ի մասնակիցներ, երգչուհի Սիրուշոն:

«Ռուսաստանի եւ ԱՊՀ-ի իմ երկրպագուներն ինձ միշտ ջերմ ընդունելություն եւ աջակցություն են ցուցաբերել, եւ ինձ համար մեծ պատիվ է ելույթ ունենալ Կրելմի պալատում անցկացվելիք «Tashir 2013» երաժշտական մրցանակաբաշխությանը»,- հայտարարել է Էնրիկե Իգլեսիասը:

Միաժամանակ, հատուկ «Tashir 2013»-ի համար կոմպոզիտոր Տոլիբհոն Շահիրին հանդիսատեսին կներկայացնի նորովի ստեղծված ռապսոդիան՝ երկխոսություն դաշնամուրի եւ սիմֆոնիկ մեծ նվագախմբի համար՝ Արամ Խաչատրյանի մոտիվներով, որը նվիրված է հայ ճանաչված կոմպոզիտորի 110-ամյակին: Ստեղծագործությունը կատարվելու է առաջին անգամ:

Մրցանակաբաշխությունը վարելու են Վիկտորիա Լոպիրեւան, Անդրեյ Մալախովը, Գարիկ Մարտիրոսյանը, Տատյանա Գեւորգյանը: «Tashir 2013» մրցանակաբաշխության գալա-համերգն ուղիղ եթերով հեռարձակելու է «Արմենիա» հեռուստաընկերությունը եւ հասանելի է լինելու Հայաստանի բոլոր հեռուստադիտողներին:

2013 թվականին «Tashir 2013» մրցանակ կշնորհվի հետեւյալ անվանակարգերում. «Լավագույն զուգերգ», «Լավագույն երգչուհի», «Լավագույն երգիչ», «Տարվա առաջընթաց», «Հայաստանի բարեկամ»: «Tashir 2013» մրցանակաբաշխությանը ներկայացված են Թաթա Սիմոնյանը, Արման Հովհաննիսյանը, Արմենչիկը, Սիրուշոն, Լիլիթ Հովհաննիսյանը, Քրիստինե Պեպելյանը, Մարտին Մկրտչյանը, Կամո Սեյրանյանը, Ռազմիկ Ամյանը, Ինգան եւ Անուշը: