Бесплатные шаблоны тут: Шаблоны Joomla. Объективы для Sony Alpha - Объективы Minolta и Sony.

Մայիսի 9-ը՝ Ստեփանավանում

Պատմության անկանխատեսելի տրամաբանությամբ  մայիս ամիսը հայ ժողովրդի համար եղել է հաղթանակների ամիս. Ավարայրով, Սարդարապատով ու Բաշ-Ապարանով, ազգային անկախ պետականաության վերականգնումով փառավորոված մայիսը նշանավորվեց 68 տարի առաջ մեր պապերի` ֆաշիզմի դեմ տարած փառապանծ հաղթանակով ու նրանց որդիների ու թոռների` 21 տարի առաջ Շուշիի ազատագրման հաղթական համազարկերով:

 

Ազատության, անկախության ու հանուն հայրենքի մղված գոյամարտերի օրը Ստեփանավանում ավանդույթի համաձայն մեկնարկեց զինվորական շքերթով: Այնուհետև միջոցառումը շարունակվեց ծաղկեպսակադրությամբ. Ստեփանավանի քաղաքապետ Միքայել Ղարաքեշիշյանի գլխավորությամբ  քաղաքի հիմնարկ-ձեռնարկությունների ղեկավարներ ու աշխատակիցներ, զինվորականներ, ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ, քաղաքացիներ ու երեխաներ ծաղիկներ ու ծաղկեպսակներ դրեցին Անհայտ զինվորի հուշարձանին` հարգանքի տուրք մատուցելով մեր ազատության ու հաղթանակների համար իրենց կյանքը զոհած հերոսների հիշատակին:

Մայիսյան հաղթանակների առթիվ ներկաներին շնորհավորանքի խոսքեր ասացին Ստեփանավանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Մելանյա Ղազարյանը, Ստեփանավանի և տարածաշրջանի հոգևոր հովիվ Վռամ աբեղա Ղազարյանը, զինվորական պաշտոնյաներ:  Ստեփանավանի քաղաքապետարանի կողմից դրամական պարգևների արժանացան Արցախյան հերոսամարտում զոհված ստեփանավանցի 21 ազատամարտիկների ընտանիքներն ու Հայրենական պատերազմի վետերաններ: Մեծ Հայրենականի մասնակից 222 ստեփանավանցի վետերաններից Հաղթանակի 68-րդ տարելիցը ստեփանավանցիների հետ նշում էին միայն երկուսը:

Ավանդույթի համաձայն,  Ստեփանավանի կենտրոնական հրապարկում մատուցվեց տոնական զինվորական ճաշ. ներկաները զինվորականին վայել ձևով մեկ անգամ ևս բաժակ բարձրացրին Հաղթանակների ու այդ Հաղթանակները կերտած բոլոր հայտնի ու անհայտ զինվորների համար: Եվ չնայած անձրևոտ ու մռայլ եղանակին` Ստեփանավանում թևածում էր Մայիսյան հաղթանակների տոնական տրամադրությունն ու հաղթական ոգին, ինչ էլ շարունակվեց Մայիսի 9-ին նվիրված տոնական համերգով, որի ընթացքում ելույթ ունեցան Ստեփանավանի մշակույթի պալատի, երաժշտական և արվեստի դպրոցների, «Անի» պարային համույթի սաներն ու անհատ կատարողներ` մեկ անգամ ևս փառք ու պատիվ տալով հայրենքի պաշտպանության ու ազատության համար պայքարած հերոսներին, ովքեր իրենց ազատատենչ ոգու կորովը փոխանցեցին   սերունդներին: