• Home
  • Մշակույթ
  • ԿԱՆԱՆՑ ՄԻԱՄՍՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ՍՏԵՓԱՆԱՎԱՆՈՒՄ
Бесплатные шаблоны тут: Шаблоны Joomla. Объективы для Sony Alpha - Объективы Minolta и Sony.

ԿԱՆԱՆՑ ՄԻԱՄՍՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ՍՏԵՓԱՆԱՎԱՆՈՒՄ

Մարտի 8-ից ապրիլի 7-ն ընկած ժամանակահատվածում Ստեփանավանի նախադպրոցական ուսումնական հաստատություններում և դպրոցներում տեղի ունեցան մի շարք միջոցառումներ՝ նվիրված գարնան զարթոնքին, Մայրության և գեղեցկության տոներին:

Տարբեր միջոցառումներ եղան նաև քաղաքի արվեստի և մշակույթի օջախներում: Արվեստի դպրոցը հանդես եկավ ցուցահանդես-համերգով, որին ներկա էին քաղաքի կրթական և մշակութային հիմնարկ-ձեռնարկությունների տնօրեններ ու աշխատակիցներ, տեղական իշխանության ներկայացուցիչներ և պարզապես արվեստասեր քաղաքացիներ: Հյուրերը նախ դիտեցին ցուցահանդեսը, որտեղ ներկայացված էին արվեստի դպրոցի կերպարվեստի բաժնի սաների աշխատանքները` նվիրված կանանց: Ներկայացված էր նաև արվեստի դպրոցի նորանշանակ տնօրեն, մասնագիտությամբ դաշնակահար Ամալյա Բարսեղյանի անհատական ցուցահանդեսը. մատիտով, յուղաներկով և ջրաներկով նկարված բնապատկերներ, դիմանկարներ, նարտյուրմորտներ, դեկորատիվ և կիրառական արվեստի հետաքրքիր ստեղծագործություններ, ինչպես նաև` կանացի զարդեր ու ինքնատիպ ակսեսուարներ` բոլորը պատրաստված երաժիշտ կնոջ ձեռքով: Ապա մեկնարկեց համեգային ծրագիրը, որի ընթացքում հնչեցին Խ. Ավետիսյանի, Ա. Խաչատրյանի, Ա. Մեջինյանի, Չայկովսկու, Վանխալի և մեծանուն այլ կոմպոզիտորների ստեղծագործություններից: Արվեստի դպրոցի վոկալ համույթը, դպրոցի սաներից Հայկազ Դավթյանը, Իրինա Այգունյանը և Ելենա Մկրտչյանը հանդես եկան այն կատարումներով, որոնցով պատրաստվում են առաջիկայում մասնակցել Գյումրիում կայանալիք «Վերածնունդ» երաժշտական միջազգային փառատոնին: Նրանց ելույթներն արժանացան ներկաների հավանությանը: Կանանց միամսյակի ընթացքում միջոցառումներ ու համերգային ծրագրեր եղան նաև Ստեփանավանի Անդրանիկ Մարգարյանի անվան մշակույթի պալատում, որոնց ընթացքում կրկին մեծարվեց կինն ու գեղեցկությունը: Իսկ ապրիլի 4-ին մշակույթի պալատը` հանձինս տնօրեն Անուշ Ղարաքեշիշյանի, իր հերթական անակնկալն էր պատրաստել թատերասեր ստեփանավանցիների համար` հյուրընկալելով Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասաններին, ովքեր հանդիսատեսին ներկայացրին Ստեփանավանում վաղուց սպասված ներկայացումներից մեկը` ռեժիսոր Վահե Շահվերդյանի բեմադրած «Իմ ծաղկած դեղձենին» պիեսը (սցենարի հեղինակ Նելլի Շահնազարյան): Գլխավոր դերում սիրված դերասան, ժողովրդական արտիստ Հակոբ Ազիզյանն էր: Միամսյակին նվիրված միջոցառումների շարքում ապրիլի 5-ին մշակույթի պալատում տեղի ունեցավ նաև հայ-վրացական միջազգային պարի փառատոն: Ապրիլի 6-ին էլ Ստեփանավանի մշակույթի և ժամանցի կենտրոնն էր քաղաքի տարբեր կազմակերպությունների կանանց հրավիրել իր հյուրընկալ դահլիճ՝ մասնակցելու «Կանայք մեր կյանքի զարդն են» խորագրով միջոցառմանը: Ներկաներին ողջունեցին և շնորհավորանքի խոսքեր ասացին մշակույթի և ժամանցի կենտրոնի տնօրեն Գարիկ Սուքիասյանը, փոխտնօրեն Հասմիկ Սահակյանը: Մայրերին և կանանց նվիրված երաժշտական կատարումներով հանդես եկան երգիչ Արտակ Ամիրաղյանը, երգչուհի Մարիամ Խանումյանը, քանոնահար Տալիթա Միկոյանը, երաժիշտներ Արկադի Ամիրաղյանը, Աշոտ Դավթյանը, ինչպես նաև արվեստի դպրոցի վոկալ համույթի սաները (գեղարվեստական ղեկավար Գայանե Պեպելյան): Օրվա և ամսվա հերոսուհիներին նվիրված գեղեցիկ խոսքեր ասացին հաղորդավարներ Տաթևիկ Գագինյանն ու Հայկ Սաքանյանը: Այսպիսով, կնոջը մեծարելու տարվա բոլոր օրերին Հայաստանում գումարված ևս մեկ ամիսը, որ հենց այդպես էլ կոչվում է՝ կանացի ամիս, այս միջոցառումով Ստեփանավանում մոտեցավ իր գեղեցիկ ավարտին: