• Home
  • Մշակույթ
  • «Հետահայաց». Բացահայտում Խուլիո Իգլեսիասի եւ Հայաստանի միջեւ դեռեւս 1990թ. կապի մասին
Бесплатные шаблоны тут: Шаблоны Joomla. Объективы для Sony Alpha - Объективы Minolta и Sony.

«Հետահայաց». Բացահայտում Խուլիո Իգլեսիասի եւ Հայաստանի միջեւ դեռեւս 1990թ. կապի մասին

Լուրերի պատմության եւ պատմական լուրերի մասին «Արմենպրես»-ի «Հետահայաց» հատուկ նախագծի այսօրվա անդրադարձը նվիրված է աշխարհահռչակ իսպանացի երգիչ Խուլիո Իգլեսիասի եւ Հայաստանի միջեւ առկա վաղեմի կապին: Ընթացիկ տարվա հունվարին հայկական մամուլը միաբերան գրեց` «Առաջին անգամ Հայաստան կժամանի եւ համերգ կտա Խուլիո Իգլեսիասը: Այստեղ համերգ տալու ցանկություն հայտնել է հենց Խուլիո Իգլեսիասը, քանի որ նրա հայ ընկերները պատմել են, որ Հայաստնում երգիչը շատ սիրված է»: Այնուամենայնիվ, քչերն են այժմ հիշում մի բան, որն արձանագրել էր «Արմենպրես»-ը դեռեւս 1990 թվականին:  

 Խուլիո Իգլեսիասը Հայաստանին

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսպանացի երգիչն արդեն երեք օր է, ինչ Հայաստանում է եւ պատրաստվում է այսօր կայանալիք համերգին: Նա արդեն հանդիպել է լրագրողների հետ եւ պատմել, որ շատ է սիրում Հայաստանը: Նա հասցրել է նկատել, թե ինչ ջերմ մարդիկ են հայերը ջերմության մասին փաստում են իր հազարավոր հայ ընկերները: Այնուամենայնիվ, դեռեւս ստվերում է մնացել մի կարեւոր հանգամանք` 1990 թվականին Հայաստանի աղետյալ Ստեփանավան քաղաքի վերականգնմանը նպաստելու համար աշխարհահռչակ երգիչ Խուլիո Իգլեսիասը համերգ է տվել Մասաչուսեթս Նահանգի Ուսդր քաղաքում` տեղի սբ Փրկիչ հայկական եկեղեցու նախաձեռնությամբ: Ուղիղ 23 տարի առաջ կայացած համերգին մասնակցել է ութ հազար հանդիսատես եւ այդ համերգից գոյացած 42 հազար դոլար հասույթը ԱՄՆ Արեւելյան թեմի առաջնորդության միջոցով տրամադրվել է Ստեփանավանի վերականգնման ֆոնդին: Տարերային աղետից հետո սբ Փրկիչ եկեղեցին իր հերթին մեկ միլիոն դոլարի նվիրատվություն էր խոստացել հայրենիքին: 

Իրականում շատ էինք կասկածում, թե նախաձեռնությունը կկարողանայինք հաջողել, այնուամենայնիվ, Աստված երեսներիս նայեց. Տեր Ավետ

Շատերն արդեն չեն հիշում տեղի ունեցած այդ համերգի, ինչպես նաեւ Իգլեսիասի` Ստեփանավանի վերականգնմանն ուղղված օժանդակության մասին, գուցե անգամ երգիչն է մոռացել այդ հանգամանքը, քանի որ բոլորին է հայտնի, թե ինչ խիտ համերգային գրաֆիկով է աշխարհին ներկայանում նա: Այնուամենայնիվ, մեզ հաջողվեց զրուցել համերգի կազմակերպիչներից, ականատեսներից մեկի հետ, ով առ այսօր հուզմունքով է հիշում համերգի նախաձեռնության, կազմակերպման բոլոր մանրամասները:«Արմենպրես»-ի հետ զրույցում սբ Փրկիչ եկեղեցու հոգեւոր հովիվ տեր Ավետ Թերզյանը պատմեց, որ այդ համերգի ընթացքում, բացի Խուլիո Իգլեսիասից, ելույթ են ունեցել նաեւ այլ արվեստագետներ` շուրջ տասը մարդ: Եվ արդյունքում, համերգի ողջ ծախսերը հոգալուց հետո իրենք կարողացել են հավաքագրել շուրջ 42 հազար դոլար եւ հատկացնել Ստեփանավանի վերականգնմանը: «Իրականում շատ էինք կասկածում, թե նախաձեռնությունը կկարողանայինք հաջողել, այնուամենայնիվ, Աստված երեսներիս նայեց, եւ մենք կարողացանք մեր նպատակն իրականություն դարձնել»,-ասաց Տեր Ավետը` ընդգծելով, որ միայն Աստված գիտի, թե ինչպես հնարավոր եղավ նպատակին հասնել:

Այնուամենայնիվ, իրենք համերգով չբավարարվեցին: Տեր Ավետի տեղեկացմամբ` իրենց երազանքն էր մեկ միլիոն դոլարի նվիրատվություն կատարել հայրենիքին: «1,5 տարվա ընթացքում մենք կարողացանք հավաքագրել 850 հազար դոլար, ինչպես նաեւ հագուստեղեն, դեղորայք, վիրահատությունների համար նախատեսված սարքավորումներ, առաջին անհրաժեշտության իրեր (ընդհանուր առմամբ` 250 հազար դոլար արժողությամբ)»,- ներկայացրեց հոգեւոր հովիվը: Նա ուրախությամբ է այժմ հիշում, որ դժվարության պահին իրենք կարողացել են օգնել Հայաստանին, հայ ժողովրդին սատարել, այնուամենայնիվ, ունեցած մի երազանքը դեռեւս անկատար է մնում: «Մենք այդ տարիներին օգնությունը տրամադրելուց հետո ցանկանում էինք, որ Ստեփանավանում մի փոքրիկ հիշատակարան լինի Ուսդր քաղաքի մասին, դժբախտաբար, դա մոռացվել է»,- ցավով արձանագրեց նա:  

Իգլեսիասը Հայաստանում է ոչ թե որպես սովորական այցելու, այլ որպես հարազատ ընկեր

Իսպանացի երգիչը լրագրողների հետ հանդիպմանն ընդգծել է, որ Հայաստան է այցելել ոչ թե որպես սովորական անհատ, այլ որպես հարազատ ընկեր եւ հավելել, որ ինքը երբեւիցե չի երգում այնպիսի վայրում, որն իրեն դուր չի գալիս: «Թեեւ սա իմ առաջին այցն է Հայաստան, բայց այս այցը չէ, որ պետք է ինձ ստիպի ճանաչել Հայաստանը: Արդեն շուրջ 2000 տարի է, որ իմ հոգու երկիրը` Իսպանիան, մեծ կապ ունի Հայաստանի հետ: Մեր լեզուները մեծ նմանություն ունեն»,- նշել էր երգիչը: Վերջին 45 տարների ընթացքում ինքը ճանաչել է հազարավոր հայերի, ովքեր իրենց մշակույթն են փոխանցում ամբողջ աշխարհում: «Ես մեծ սիրով եմ պատրաստվում երգել այստեղ: Սա է պատճառը, որ այսօր Երեւանում եմ: Ինձ երկար տարիներ չի մնացել ապրելու եւ երջանիկ եմ, որ գտնվում եմ այստեղ` ճանաչելու հայ ընկերներիս երկիրը»,- ասել է նա: Երգիչը նաեւ կիսվել է իր առաջին զգացողություններով, որոնք ունեցել է, երբ ինքնաթիռը վայրէջք է կատարել Հայաստանում: «Ես միանգամից հասկացա, որ հաճելի մարդիկ են հայերը: Երբ ինձ Մոսկվայից ճանապարհեցին, ասացին, որ գնում եմ մի տաք երկիր, բայց ոչ այն պատճառով, որ այնտեղ ավելի լավ եղանակ է, այլ այնտեղ ժողովուրդն ավելի մեծ ջերմությամբ կընդունի»,- պատմել է երգիչը:

Իգլեսիասը համերգին հայերեն երգ կկատարի

Երգիչը մի առանձնահատկություն ունի: Այցելելով որեւէ երկիր, նա նախընտրնում է մի երգ կամ երգից հատված կատարել տվյալ լեզվով: Հայաստանը եւս բացառություն չի լինի: Իր ճանաչում գտած եւ հայերիս կողմից սիրված երգերի շարքում կլինի նաեւ հայ կոմպոզիտորի երգ, որը շատ սիրված է հայ ժողովրդի կողմից: Իսկ թե որն է այդ երգը, դեռեւս գաղտնի է պահվում: 70-ամյա իսպանացի աշխարհահռչակ երգչի հայաստանյան համերգը կկայանա մարտի 18-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Համերգի կազմակերպիչներն են ամերիկյան Global art եւ հայկական «Ինվիտրո փրոդաքշն» ընկերությունները: Երգչի համաշխարհային համերգաշարի մեկնարկը տրվել է փետրվարի 24-ից` Գվատեմալայից, այնուհետեւ` ՌԴ, Ուկրաինա, Արաբական Միացյալ էմիրություններ, Ֆիլիպիններ, Կորեա, Չինաստան, Սինգապուր, Թայվան, Իսպանիա: Խուլիո Իգլեսիասն ամենահայտնի իսպանալեզու կատարողն է, ով վաճառել է ավելի քան 300 մլն ձայնասկավառակ: Իր ստեղծագործական ողջ կարիերայի ընթացքում երգիչը ձայնագրել է ավելի քան 50 ալբոմ, որոնցից վերջինը թողարկվել է 2011 թվականին:

Հնի եւ նորի միջեւ կապը գտավ Արուսիկ Զախարյանը